Ազգային ժողովում անցումային արդարադատության թեմայով լսումների ժամանակ մասնակիցներից Հրայր Ավինյանին հետաքրքրում էր` եթե այսօր որևէ փոփոխություն չի կատարվում և փոխվում է միայն կատարողը, ի՞նչ երաշխիքներ կան, որ դա է ճիշտ ճանապարհը: «Այսօր մենք թիրախավորում ենք միայն արդարադատությունը` ստեղծելով անցումային արդարադատություն, բայց եկեք ճիշտը խոսենք, որքան էլ լավը լինեն այսօրվա իշխանությունները, ժողովուրդը լեգիտիմ կարգով նրանց տվել է օրենսդիր իշխանություն, որն ընտրել է գործադիր իշխանությունը, հիմա եթե մենք փոխում ենք դատական համակարգը, այս նույն օրենսդիր իշխանությանն ասում ենք՝ փոխեք դատական համակարգը: Ո՞ւր մնաց իշխանությունների հակակշռումը:
Այս անցումային արդարադատությունից հետո մենք պետք է գնանք, մոմ վառենք, որ նոր իշխանությունները լա՞վը լինեն: Չեք կարծում, որ Հայաստանում փոփոխությունները պետք է լինեն համակարգային, այսինքն՝ մենք պետք է սկսենք փոխել Սահմանադրությունից: 27 տարի անց մեր ժողովրդին պետք է հարցնենք` ի՞նչ երկրում եք ուզում ապրել: Մենք պետք է փաստացի այդ նույն Սահմանադրությամբ իշխանությունը հանձնենք ժողովրդին: Այսօր մենք ունենք քաղաքական դաշտ, որը չի սպասարկում երկրի ներքին շահերը: Կներեք, կոշտ եմ արտահայտվում, բայց մեր քաղաքական դաշտը սպասարկում է արտաքին շահերը, քանի որ կեղծ ժողովրդավարությունից ելնելով, դրվել է կեղծ նպատակ, որ դուք, հարգելի քաղաքական գործիչներ, պետք է հասնեք իշխանության:
Սկսվել է աթոռակռիվ, առնետավազք, և քաղաքական դաշտը, որ պետք է լիներ գաղափարների դարբնոց, այսօր միայն դրանով է զբաղված», - հայտարարեց նա: